
Աբու Աբդուլլահ Մոհամմադ Իբն Շարիֆ ալ-Իդրիսին, կամ Էդրիսին (1099-1166թթ.) մեծագույն արաբ աշխարհագրագետներից մեկն է: Նա ծնվել է Մարոկկոյում և ճանապարհորդել ամբողջ Եվրոպայով մինչև Կենտրոնական Ասիայով, աշխատել է: Սիցիլիայի Ռոջեր երկրորդ թագավորի արքունիքում, որտեղ 1154թ. պատրաստել է իր աշխարհագրական «Ռոջերի Գիրք» կարևոր աշխատությունը, կից Աշխարհացույցով: Վերջինս, որն այսօր կոչվում է «Իդրիսի մեծ քարտեզը», գծված է եղել հիմնվելով հույն նավաստիների, ինչպես նաև ժամանակակից ճանապարհորդների հուշերի վրա: Ընդհանուր առմամբ, գիրքն ունի 70 փոքրածավալ քարտեզ, որտեղ տեղանունները գրված են արաբերենով, որոնք պատկերում են ժամանակի ճանաչված բոլոր երկրամասերը: Ձեռագիրն ունեցել է նաև փոքր աշխարհացույց քարտեզ, որը գծված էր հիմնվելով Պտղոմեոսի աշխարհի քարտեզի վրա: Այն այժմ պահպանվում է Օքսֆորդի Բոդլեան գրադարանում և հայտնի է որպես §Իդրիսի փոքր քարտեզ¦:
Գերմանացի քարտեզագետ Կոնրադ Միլլերը 1927թ. Իդրիսիի §Ռոջերի գրքի¦ մեջ եղած փոքր քարտեզներն իրար միացնելով վերակառուցել է Իդրիսիի Մեծ քարտեզը, որտեղ հյուսիսը ներքևում է, իսկ հարավը՝ վերևում: Այստեղ վերատպված պատկերը քարտեզի միմիայն մեկ վեցերորդ մասն է, ուր Սև ծովը երևում է աջ կողմում, իսկ Կասպից ծովը, Խազարը՝ ձախում: Ամբողջական քարտեզը ներառում է Չինաստանից մինչև Իսպանիա եղած երկրները: Միլլերի վերակառուցած քարտեզը մակագրված է լատինատառ արաբերենով:
Քարտեզում Հայաստանը բաժանված է երեք մասի: Վանա ծովի մոտ է գտնվում Մեծ Հայքը aali arminia, Փոքր Հայքը՝ asafel arminia-ն գտնվում է լճի արևմուտքում, իսկ երկու լճերի միջև նշված է երրորդ Հայաստանը՝ «Հայաստանի մնացորդը»՝ bakiet arminia: Քարտեզի մեջ կարելի է տեսնել bidlis (Բիթլիս), kalikala (Կարին կամ Էրզրում), halat (Ախլաթ), hui (Խոյ), slamas (Սալսմաստ), nasua (Նախիջևան) և այլ քաղաքների անունները: Նույնիսկ 1154թ. այս քարտեզի մեջ Արաքսից հյուսիս տարածքն անվանված է bilad alran` Արրան կամ Աղվանաց երկիր, իսկ Ադրբեջան երկիրը (bilad aderbaigan) գտնվում է Արաքսի հարավային կողմում: